Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Հարյուր հայ հոգեբույժ կենսագրական բառարան գիրք Դ

Հարյուր հայ հոգեբույժ կենսագրական բառարան  գիրք Դ

Հոգեբույժ Հարություն Մինասյանի «100 հայ հոգեբույժներ» շարքի Ա, Բ և Գ գրքերը ջերմորեն ընդունվեցին մասնագետների կողմից, ինչը խթան հանդիսացավ հեղինակի համար գրելու նաև այս, թվով Դ գիրքը: 

 

«100 հայ հոգեբույժներ» շարքի Ա գիրքը (Ե., 2002, 224 էջ) ընդգրկում է Հայաստանում հոգեբուժության զարգացման պատմության հակիրճ շարադրանքը, ինչպես նաև բոլոր ժամանակներում Հայաստանի և արտերկրի հարյուր հայ հոգեբույժների համառոտ կենսագրականները:  

 

Շարքի երկրորդ գիրքը(«Հարյուր հայ հոգեբույժներ, գիրք Բ», Ե., 2004, 256 էջ) ընդգրկում է Հայաստանում և արտերկրում երբևէ գոյություն ունեցած հոգեբուժական պրոֆիլի հաստատությունների` հիվանդանոցների, դիսպանսերների, բաժանմունքների, կաբինետների, ամբիոնների, ինչպես նաև հասարակական ու բարեգործական կազմակերպությունների համառոտ նկարագրությունը: Այս գրքում ևս ներակայացված են Հայաստանի և արտերկրի 100 հայ հոգեբույժների համառոտ կենսագրականները: 

 

Երրորդ գիրքը(«Հարյուր հայ հոգեբույժ, գիրք Գ», Ե., 2005, 256 էջ) ընդգրկում է աշխարհի հոգեբույժների 3-րդ հարյուրյակի համառոտ կենսագրականները: Հավելվածների ձևով ներկայացված են Հայաստանի հոգեբույժների և հարակից մասնագետների 65 ատենախոսությունների ցանկը և 3 հետաքրքրաշարժ գիտահանրամատչելի հոդվածներ:

 

«Հարյուր հայ հոգեբույժներ» շարքի այս` Դ գրքում հեղինակը այբբենական կարգով ներկայացրել է բոլոր ժամանակներում Հայաստանի և Սփյուռքի հայ հոգեբույժների 4-րդ հարյուրյակի համառոտ կենսագրականները: 

 

Ինչպես նախորդ գրքերում, այստեղ ևս բացի գիտնական և գործնական հոգեբույժներից, հոգեթերապևտներից և թմրաբույժներից, ընդգրված են անվանի  նեյրոֆիզիոլոգներ, փսիխոֆիզիոլոգներ, պաթոֆիզիոլոգներ և հոգեբաններ, որոնց աշխատությունները նվիրված են բարձրագույն նյարդային համակարգի գործունեության տարաբնույթ խնդիրներին, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել մարդու բնազդային, հոգեկան և վարքային գործունեությունը նորմայում և պաթոլոգիայում, ինչպես նաևª բացահայտել կամ բացատրել հոգեկան հիվանդությունների պատճառագիտության, ախտածագման, կլինիկայի, կանխարգելման և բուժման առանձնահատկությունները: 

 

Գրքում ընդգրկված են նաև ոչ հոգեբույժ բժիշկներ և հարակից մասնագետներ` նյարդաբույժներ, թերապևտներ և այլն, որոնց ամենօրյա գործունեությունը կամ գիտական աշխատությունները այս կամ այն չափով առնչվում են մարդու հոգեբանության, հոգեկան առողջության կամ հոգեբուժության տարաբնույթ խնդիրներին: 

 

Բոլոր գրքերը հագեցած են հետաքրքիր հավելվածներով`«Հայաստանի հոգեբույժ գիտնականների անվանացանկը»,«Երևանում կայացած հոգեբուժական գիտաժողովների ցանկը»,«Հոգեկան հիվանդություն բնորոշող բառերը հայոց լեզվում»,«Հոգեբուժական առածանի»,«Հայաստանի հոգեբույժների և հարակից մասնագետների ատենախոսությունների ցանկը»,«Մի քանի նոր հոգեբանական տերմինների մասին»,«Թե ինչպես առաջացան«սպիտակ տենդն» ու «սպիտակ տանգոն»,«Օտար լեզվի» սինդրոմ, կամ երբ զարթնում է հայկական գենը» և այլն: 

 

Բոլոր գրքերում պատկերված են գրքերի հերոսների դիմանկարները, եզակի, հաճախ առաջին անգամ հրապարակվող լուսանկարներ, որոնք լրացնում և ավելի հետաքրքիր են դարձնում շարադրված նյութը:

 

Հեղինակը գրքերում լայնորեն օգտագործվել է իր իսկ ստեղծած Հայ բժշկության թանգարան-հավաքածուի հարուստ արխիվային նյութը: 

 

Հոգեբույժ Հ. Մինասյանը շարունակելով աշխատել գործնական հոգեբուժության բնագավառում և զբաղվելով հայ բժշկության  պատմության այլևայլ խնդիրներով, ինչպես նաև քաջալերվելով մասնագետների դրվատանքի խոսքերով, արդեն ձեռնամուխ է եղել սույն շարքի հինգերորդ  գրքի պատրաստմանը: 

 

Շնորհավորում ենք բժիշկ Հարություն Մինասյանին իր թվով 7-րդ գրքի լույս ընծայման առթիվ և մաղքում, որ իրականանա նրա երազանքը, դեռևս անտիպ 10 գրքերի լույս ընծայումը: Դրանք են.«Անվանի կույր հայեր»,«Բռնադատված հայ բժիշկներ, 1920-1954թթ., Կենսագրական բառարան, Գիրք Բ»,«Դիցաբանական անունները հոգեբուժության մեջ, Բառարան»,«Հայ բժիշկ-գրողներ, Կենսագրական բառարան»,«Հայ բժիշկները` բարձրաստիճան պետական, ռազմական, քաղաքական գործիչներ, Կենսագրական բառարան»,«Հայերի դերը Ադրբեջանի առողջապահության մեջ, Կենսագրական բառարան»,«Հայկական բժշկական պարբերական մամուլը աշխարհում (1860-2010թթ.),  Մատենագիտություն»,«Վիրահայ բժիշկներ, Կենսագրական բառարան»,«Քաղաքական բռնաճնշումների ենթարկված հայ բժիշկներ (XIX - XX դդ.), Կենսագրական բառարան, Գիրք Գ»,«Օսմանյան կայսրությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ (XIX - XX դդ.), Կենսագրական բառարան»: 

 

Հեղինակ. Լուսինե Ոսկանյան Բժշկական գիտությունների թեկնածու
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 9 (547) 12.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ